Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «ՎԱԶ 2114»-ը․ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և «ՎԱԶ 2114»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Աննման Ղ․-ն տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Ր․ Գ․-ն և 6-ամսական Ա․ Գ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Նաիրա Վարդանյանը և Սեդրակ Մելիքյանը, ովքեր առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո օգնել են վիրավորներին տեղափոխվել հիվանդանոց, այնուհետև պարեկները սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի և քննիչ Դիանա Առաքելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։