Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները:
Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել:
«Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով:
Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում բարձրացվող հարցերն ու խնդիրները սկզբունքորեն տարբերվում են ուսանողների և աշակերտների հետ հանդիպումներում բարձրացված հարցերից:
«Չենք կարող առանց այդ միջավայրը ձևավորելու համոզվել, որ կայացվող որոշումներն ու իրականացվող քաղաքականությունն ուղղված են հենց երեխաների կարիքներին: Կարծում եմ՝ երեխաներին ուղղված մեր քաղաքականություններում ամենակարևոր իրավունքներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն է: Սա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Կարևոր է` ամենափոքր տարիքից երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու, ինքնուրույնության և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները: Նկատելի է, որ ավելի ինքնուրույն, պատասխանատու և մտածված որոշումներ կայացնող սերունդ է ձևավորվում, ինչը շատ ուրախալի է. սա հանրային զարգացման ամենաուղիղ ճանապարհն է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին, որով երիտասարդության նվազագույն շեմ է սահմանվել 13 տարեկանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում:
ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընթացում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրը», ինչպես նաև «Երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխայի հոգեկան առողջության վրա» թեմաներով: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սրանք ուղղություններ են, որոնց շուրջ հետևողական աշխատանք է իրականացվում:
«Երեխաների առցանց անվտանգության հարցը դարձել է, թերևս, օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես են փոխակերպվում տարբեր մարտահրավերները թվային տիրույթում՝ սկսած բռնության ձևերից մինչև ամենատարբեր հարցեր: Հետևողական աշխատանք պետք է տանենք, քանի որ կան մինչև վերջ չպարզաբանված խնդիրներ. օրինակ՝ արհեստական բանականության կիրառության արդյունքում ձևավորվող հարաբերություններն ու փոփոխվող համակարգերը »,-ասել է նախարարը:
Ըստ նրա` պանելային քննարկման մյուս թեման` շրջակա միջավայրի պահպանությունը, առնչվում է ավելի երկարաժամկետ ռազմավարություններին, որոնցում ևս երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է:
Խորհրդի նիստին մասնակցել և ներկաներին ողջունել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում. «Այս միջոցառումը կազմակերպվել է ոչ միայն երեխաների համար, այլև՝ երեխաների անմիջական մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր կարևոր առաջնահերթություններից է: Սա ոլորտ է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք»:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի դիտարկմամբ՝ երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները տեղ են գտել «Երեխայի իրավունքների կոմիտեի» եզրափակիչ դիտարկումներում: Նրա խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան և եզրափակիչ դիտարկումները կողմնորոշիչ են, թե ինչ անելիքներ կան, և հետագայում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել՝ երեխայի իրավունքների բարելավման գործում հաստատուն քայլեր ձեռնարկելիս:
«Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունը, որ կարող ենք ստանձնել երեխայի իրավունքների բարելավման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը:
Այնուհետև տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի շրջանակում կազմակերպված պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և մաղթել, որ երեխաներն իրենց պաշտպանված և ապահով զգան նաև դպրոցական միջավայրում: Երեխաների իրավունքների համատեքստում Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է հատկապես կրթության իրավունքի իրացումը:
«ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բոլոր տարիքի սովորողների և, մասնավորապես, երեխաների համար՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև մասնագիտական, ապահովվի հասանելի և որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ դպրոցական ծրագրում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Սովորողների կողմից էլ հետաքրքրություն է ցուցաբերվում այս աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների հիմնումը, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին տեղում ստուգելու օդի աղտոտվածությունը, խոնավությունը և բազմաթիվ այլ հետազոտություններ կատարել նախագծային աշխատանքների և խմբակների գործունեության շրջանակում:
Պանելային քննարկման մասնակիցները պատասխանել են աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրել իրենց դիտարկումները քննարկվող թեմաների վերաբերյալ: