երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան

Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Bovo GAS բիոգազի արտադրման գործարան։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
 
Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:
 
Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։
 
 
Ընդգծվել է, որ Bovo GAS-ը Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։
 
Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:
 
 
Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

 

  • Կիսվել: