Դասադուլի եւ գործադուլի 3–րդ օր. Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները մեղավոր են համարում ԿԳՄՍ նախարարին
Գորիսի պետական քոլեջում, մայիսի 12-ին մեկնարկած դասադուլը, ապա եւ գործադուլը շարունակվում են արդեն երրորդ օրը։
Համակարգող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Դասադուլավորների եւ գործադուլավորների միասնական պահանջը հանրահռչակված է եւ փոփոխման ենթակա չէ:
Շարունակվող դասադուլի եւ գործադուլի հետեւանքով քոլեջում էական վնաս է կրում 200-ից ավելի ուսանողի ուսումնառության գործընթացը:
100-ամյա փառավոր ուղի անցած քոլեջում ստեղծված աննախադեպ այս ճգնաժամի հանդեպ ԿԳՄՍ նախարարության անտարբեր ու անդեմ կեցվածքն այլեւս մեզ չի զարմացնում եւ հաստատում է նախարարության օտարված վիճակը կրթական գործից:
Ուստի եւ հայտարարում ենք՝ Գորիսի պետական քոլեջում շարունակվող դասադուլի եւ գործադուլի ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վրա:
Ինքը կարող էր եւ կարող է րոպեների ընթացքում դադարեցնել դասադուլն ու գործադուլը, մինչդեռ ակնհայտ անտարբերությամբ եւ անգործությամբ քաջալերում է դասադուլավորներին ու գործադուլավորներին, ինչն ափսոսանքով ենք նկատում եւ դատապարտում:
Հայտարարարում ենք միաժամանակ՝ այս երկիրը նաեւ մեր երկիրն է, այս պետությունը նաեւ մեր պետությունն է, իսկ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծվել է ոչ թե հարյուրամյա կրթօջախը կազմաքանդելու, դասախոսների եւ ուսանողների արժանապատվությունն ու իրավունքները տրորելու, այլ կրթական գործին աջակցելու համար:
Փաստորեն հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 200-ից ավելի ուսանող չեն կարողանում իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրենց կրթական իրավունքը, ինչը վերստին հաստատում է դասադուլի եւ գործադուլի դիմելու մեր քայլի իրավաչափությունն ու ողջամտությունը:
Ասել կուզի՝ մենք պայքարում ենք կրթություն ստանալու եւ աշխատելու սահմանադրական մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար, եւ ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտությունը: