COVID -19-ը կայուն է, գրիպ չկա․ ԱՆ-ն՝ Հայաստանում ընթացիկ համաճարակային իրավիճակի մասին
Հայաստանում էնտերովիրուսային վարակներով հիվանդացության սեզոնային աճ է նկատվում, սակայն սուր շնչառական վարակների հետ կապված ակտիվություն չի արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիային գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունից նշում են, որ էնտերովիրուսային վարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է։ Գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել, այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի հարուցիչները։
«Գերակշռում են ռինովիրուսի հարուցիչները»,-նշել են գերատեսչությունում։
COVID-19-ի հետ կապված իրավիճակը նույնպես կայուն է. վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է ընդամենը 18 դեպք: Երկրում շարունակում է պտտվել «օմիկրոն» շտամի BA.2.86 (Pirola) ենթատեսակը։
Հիշեցնենք, որ Հայաստանում էնտերովիրուսային վարակներով հիվանդացության սեզոնային աճը սովորաբար սկսվում է հուլիսին և տևում է մոտ չորս ամիս, գագաթնակետը լինում է օգոստոս–սեպտեմբեր ամիսներին: Վարակվել հնարավոր է ինչպես հիվանդ մարդուց, այնպես էլ վիրուսն առանց ախտանշանների կրողից։