Չկալովկայում երեք բնակիչ բուժվել է բրուցելոզից, եւս 3–ը բուժման պրոցեսում են. բնակիչներից անալիզներ են վերցնում
Առաջին ստուգումն արել են ապրիլի 8-12–ն ընկած ժամանակահատվածում. այնտեղ կոնկրետ խնդիրներ են եղել. խոշոր եղջերավոր անասունների շրջանում մոտ 22 տոկոսի մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Չկալովկայի գյուղապետ Վահրամ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց համայնքում բրուցելոզի դեպքերին։
«Այսինքն 219 Խոշոր եղջերավորներից 46–ի մոտ եղել է բրուցելոզ, որոնք սպանդի են ենթարկվել, եւ նույնը եղել 397 մանր եղջերավորներից 81–ի մոտ, այս դեպքում եւս բոլորը սպանդի են ենթարկվել։ Այդ անասունների միսը 60 աստիճանի տակ եռացնելուց հետո օգտագործման ենթակա է, մարդիկ օգտագործում են»,–ասաց նա։
Անդրադառնալով բնակիչների մոտ բրուցելոզի դեպքերին, վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ բնակիչներից երեքն արդեն բուժվել են, եւս երեքը բուժման պրոցեսում են. «Այդ երեքը իրենք իրենց միջոցներով ստուգում էին անցել, պարզվել էր, որ բրուցելոզ է։ 7 օր սիստեմա են անցնում, բուժվում են։
Մայիսի 19–ից առողջապահության նախարարության ցուցումով գյուղի բնակիչներից անվճար անալիզներ են վերցնում։ Քանի որ կան մարդիկ, որ ամաչում են, սկսեցին այցելել տներ եւ տներում անալիզներ վերցնել։ Այս պահի դրությամբ 134 հոգուց անալիզ է վերցվել, առաջաին պատասխանները կլինեն վաղը»,–ասաց նա։
Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել։ Ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուզելոզ հաստատվել, իսկ մայիսին այս պահի դրությամբ երկու քաղաքացու մոտ է հիվանդությունը ախտորոշվել։
Ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։