Չայրվենք մոխրանալու և անէանալու համար, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը. Հայր Ասողիկ
Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին չի խրախուսում դիակիզումը, քանի որ այն հարազատ չէ մեր ազգային գաղափարախոսությանը, ավանդությանը, մերժված է բազմադարյա եկեղեցական ծիսակարգի կողմից, PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանում 2 դիակիզարան բացելու մասին «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանի հայտարարությունը:
Վերջինը, հիշեցնենք, հայտարարել էր, որ դիակիզարանների բացումը Հայաստանում չի հակասում օրենքին: «Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,- ասել էր Իսկանդարյանը:
Նա նաև նշել էր, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:
Հայր Ասողիկի պնդմամբ, հայկական իրականության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ամեն կարգ և սարք ունի ազգային խորն արմատներ, հետևաբար, այն, ինչ խոցելի է եղել հայ ժողովրդի համար, տեղ չի գտել Ազգային հոգևոր հաստատության համակարգի մեջ: Ավելին, նրա խոսքով, դարերի ընթացքում բյուրեղացած եկեղեցական ծիսակարգում նման երևույթ տեղ չի գտել, թեև ենթադրելի է, որ անցյալներում դիակիզման հարց արծարծված եղել է:
«Այստեղ այլ հարց չկա: Կա լոկ մեկ գերխնդիր՝ հավատարմություն նախնյաց ավանդությանը: Իսկ մեր իմաստուն հայրերը սրբությամբ և երկյուղածությամբ են վերաբերվել ազգի ննջեցյալների ոսկորներին: Նրանք իրենց անշնչացած սիրելիներին հանձնել են մայր հողին, որով հողը դարձել է Հայրենիք, այդ հողից զորություն է բխել և ուժ տվել ապրելու, ստեղծագործելու և շինելու: Եվ ի հարկին մեր հայրերը սուր են վերցրել իրենց կյանքն ու հողը՝ նախնիների հանգստարանը պահպանելու և պաշտպանելու: Չկա աճյունը, չի լինի նաև հողի, Հայրենիքի գաղափարը, ապրումն ու զգացումը: Իսկ այդ ամենին ոգեկանություն, ուժ, կենդանություն է տալիս սերը, որը մարդուս ողջության օրերից ծնվելով, սնվելով, զորեղանալով՝ շարունակվում է վախճանումից հետո և դառնում շաղկապող հանգույց: Իսկ ահա, դիակիզարանը, ըստ էության, գալիս է կտրելու այդ հանգույցը...»,- նշեց Տեր Հայրը:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե գերեզմանոցների համար հողատարածքները չեն բավականացնում, Հայր Ասողիկը դա համարեց անընդունելի ու հավելեց. «Սուտ է և անընդունելի հողային խնդիրը: Հող կա մարդավայել թաղումների համար, պարզապես հարկ է այդ հողն այնպես օգտագործել, խնամել, որ այն իր գրկում շատերին ընդունի՝ մնալով նույնը տեսքով և չափով»:
Նա նաև ընդգծեց. «Ամեն անգամ, երբ դիակիզման մասին է խոսվում՝ հայ քրիստոնյայի սրտում, հոգում և մտքում պետք է հառնի պատմության վկայությունը՝ հայոց արքաների ոսկորների հետ կապված: Չայրվենք մոխրանալու և անէանալու համար, այրվենք սիրուց՝ մարդավայել հուղարկավորվելու և այդպես մեր նախնյաց ու գալիք սերունդների համար հավատարմության հանգույց դառնալու»: