հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԲՏԱՆ-ի հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ԲՏԱՆ-ի հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի գլխավորությամբ կայացել է «Mistral AI» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով:

Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ կառավարության և ազգային զարգացման մեջ արհեստական բանականության (AI) դերի վերաբերյալ ռազմավարական պատկերացումներ տրամադրելը, արհեստական բանականության գործնական կիրառությունները կառավարման, տնտեսության և անվտանգության ոլորտում ներկայացնելը և AI նախագծերի քաղաքականության ու փորձնական իրականացման շրջանակները քննարկելն ու բացահայտելը:

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման անցկացումը, մեկ անգամ ևս վերահաստատել է արհեստական բանականության հեղինակավոր այս կազմակերպության և նախարարության համագործակցությունը՝ խթանելու ԱԲ ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։

Գիյոմ Բուրը, իր հերթին, հանգամանալից ներկայացրել է ընկերության գործունեությունը, արհեստական բանականության հիմունքներն ու համաշխարհային միտումները:

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային AI միտումներին, AI-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, AI-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, AI մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերյուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության (AI) ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին:

Հանդիպմանը նախորդել է «Mistral AI»-ի ներկայացուցիչների հետ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների նախաճաշ-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղվածությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։

Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում: Նախարարության հետ համագործակցության շրջանակներում «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ, կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։

  • Կիսվել: