Բոլորիդ շատ սիրում եմ, ապրեք, որ չեք հավատացել այս շինծու գործին․ Դավիթ Սանասարյան
Երբ իմ գործով դատավոր նշանակվեց Դավիթ Բալայանը, ես ինչ-որ առումով ուրախացա. իր պահվածք հետ շատ դեպքերում համաձայն չեմ եղել, բայց գիտեի, որ ինքը արդարամիտ է, ու չեն կարողանալու նրա վրա ճնշումներ գործադրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, արդարացման դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց, որ այդ առումով իր համար անակնկալ չէր դատարանի որոշումը. «Իրավունք չունեմ պահանջելու, որ ինձ վերականգնեն պաշտոնին, քանի որ իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել։ Իսկ թե հետագայում ինչ քայլեր ենք անելու՝ կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ։ Այս պահին այլ հարցերի չեմ ուզում պատասխանել, ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ծնողներիս, կնոջս, երեխաներիս, որ այս ծանր տարիներին եղել են կողքիս, փաստաբանական խմբին, որ անշահախնդիր կանգնած է եղել կողքիս, այն քաղաքացիներին, ովքեր այստեղ են եղել բոլոր դատերին, բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից չեն հավատացել այս շինծու գործին։
Բոլորիդ շատ սիրում եմ, շնորհակալություն եմ հայտնում»։
Սանասարյանը հարցերին պատասխանելիս չկարողացավ զսպել հուզմունքը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: