կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Այսօր Ախալքալաքը նշեց հիմնադրման 962-ամյակը

Այսօր Ախալքալաքը նշեց հիմնադրման 962-ամյակը

«Ախալքալաքի օր» տոնակատարությունը, իբրև քաղաքի տոն, նշվում է վերջին տասնամյակում, այս անգամ այն տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին, գրում է jnews.ge-ն:

Քաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց ժամը 15:00-ին: Կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր բոլոր տարիքի հյուրերի համար՝ վարպետության դասերից, մարզական մրցույթներից մինչև համերգ, մանկական զվարճանքներ և հրավառություն:

Օրը վերածվեց իսկական տոնախմբության, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ մի շարք միջոցառումներ։ Մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները բարձրարվեստ կատարումներով կարողացան ախալքալաքցիներին պարգևել բարձր տրամադրություն։

Հայկական ու վրացական ավանդական խոհանոցի, պարի ու երգի, տարազների ու մշակույթի ցուցադրմամբ հանդես եկան տեղի ու այլ քաղաքներից ժամանած անհատները, համույթներն ու խմբերը։

Քաղաքի տոնը նշելու համար Ախալքալաք էին եկել գյուղաան համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր բնակավայր իր տաղավարով՝ բնակավայրին բնորոշ համեղ ու տարատեսակ ուտեստներով։

Տոնակատարությանը յուրօրինակ երանգ հաղորդեցին կազմակերպված մարզական խաղերը, ինչպես նաև տարատեսակ ու բազմաբովանդակ միջոցառումները:

Երեկոյան ախալքալաքցիներին սպասվում էր շքեզ հրավառություն և համերգային ծրագիր։

Քաղաքի տոնն ախալքալաքցիների հետ նշելու համար Ախալքալաք էր ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետը։ Նա իր ելույթի խոսքում շնորհավորեց ախալքալաքցիներին քաղաքի օրվա առթիվ։ Տոնակատարությանը ներկա էին նաև Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալ ղեկավարությունը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ և այլք։

Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների համար միջոցները հատկացվել էին Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից:

  • Կիսվել: