«Ի՞նչ եք առաջարկում՝ ձեր ամեն ելույթ ունեցողից հետո ասենք՝ ցտեսությո՞ւն․ զսպեք ձեզ, կին-տղամարդ ինչ ասես ասում եք տեղից, այ քեզի բան»․ վեճ ԱԺ նիստում
ԱԺ նստաշրջանում վեճ տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ելույթի ժամանակ։ «Ձեր ֆեյքերի մասին եմ ուզում խոսել՝ ձեր ֆեյքերը նույն փոստերն են կիսվում, նույն նկարները։ Երբ իրենք գրում են, լրիվ նույն բառապաշարն է, կարո՞ղ եմ մտածել, որ դուք եք այդ համակարգչի հետևում կանգնած»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասաց Նարեկ Գրիգորյանը։ Ընդդիմադիր պատգամավորները տեղից արձագանքեցին։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդարտության կոչ արեց․ «Պարոն Կարապետյան, տեղից մի ընդհատեք»։ «Կգոռամ ոնց հարմար է, ինձ մի ընդհատեք, մատ մի թափ տվեք»,- նշեց Նարեկ Գրիգորյանը։ Վահագն Ալեքսանյանը նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին ու պատգամավոր Մամիկոն Ասլանյանին։
Շարունակելով իր ելույթը՝ Նարեկ Գրիգորյանը «Ուժեղ Հայաստան»-ին մեղադրեց կաշառք բաժանելու մեջ։ Իրավիճակը կրկին լարվեց՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները տեղից արձագանքեցին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․ «Մի րոպե հլը, ի՞նչ է եղել, լռեք մի հատ»։ Դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Ռուբինյանն ասաց․ «Հարգելի գործընկերներ, դուք չեք հասկանո՞ւմ՝ չի կարելի տեղից ռեպլիկ թողնել։ Ձեր պատգամավորներից մեկը տեղից ասում է՝ ցտեսություն։ Ի՞նչ եք առաջարկում՝ ձեր ամեն ելույթ ունեցողից հետո ասենք՝ ցտեսություն, հա՞։ Զսպեք ձեզ, կին-տղամարդ ինչ ասես ասում եք տեղից, այ քեզի բան»։



