Աղմկահարույց դեպքից հետո Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։
Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։
Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին: Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։