չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. Մանուկ Սուքիասյանը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին

ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. Մանուկ Սուքիասյանը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին

«Սիրելի երևանցինե՛ր, էդ, որ մերկապարանոց ասում են, թե իբր «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմադրում է, դուք մեր խոսքի մեջ դիմադրություն տեսա՞ք... Ստեղծեք հանձնաժողովը, արեք։ Մենք ասում ենք՝ չենք ուզում այդ դիմակահանդեսին մասնակցել, դրա դիմադրությունը ո՞րն է»,-Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամն անդրադարձավ նիստում ընդունված 1991թ-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Ընդամենը բացահայտում ենք, որ էն ինչը, որ պետք է ասեիք, արդեն գիտեք, որ վաղեմության հիմքով մի զգալի մասը չեք կարողանալու հետ բերել՝ ընդամենը Հ1-ով ռեպորտաժներ եք ցույց տալու, էն մի մասն էլ, ում հետ փոխկապակցված են, 2018 թվականից հետո ձեր հետ սերտաճած են»,-հայտարարեց Սուքիասյանը և հավելեց. «Առհասարակ, կոռուպցիայի հետ սերտորեն առնչվող հովանավորչության հետ շատ լավ հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունը ինչ-որ բանե՞ր պետք է բացահայտի, հա՞, ինչ-որ բաներ հետ բերի՞»։

Նա հիշեցրեց, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ը ղեկավարելու ժամանակ 960 մլն դրամ է տվել իր դասընկերոջը՝«ԷրիՄաունթ»-ին ելակ աճեցնելու համար:

« CFW-ն Ավինյանի կնոջ ընկերուհունն է, ԱՆԻՖ-ից 1.5 մլրդ դրամ փող է տվել, հիմա ինչ-որ մեկը մտածում է, որ էդ մարդու ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞»,-հարցրեց Սուքիասյանը,  և հավելեց. «Դուք մի իշխանություն եք, որ «Հայրենիք՝ իշխանության դիմաց» սկզբունքով է իշխանավարում»։

Սուքիասյանը հիշեցրեց, որ երբ 2021 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն անվստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և պահանջեց հեռանալ երկիր մոլորակի վրայից, ընդամենը մի կետից՝ պաշտոնական Անկարայից է եկել պաշտոնական սատարում։

«Սա որակում չէ, գնահատական չէ՝ փաստ է։ 2021 թվականից հետո Հայաստանն ունեցել է թուրքի պահած իշխանություն»,-հայտարարաեց Սուքիասյանը։

 «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ մանկապարտեզները սեփականաշնորհածների հետ ներկայիս իշխանությունները սերտաճել են և կասկած հայտնեց, որ ինչ-որ բան ստեղծված հանձնաժողովը բացահայտի։

  • Կիսվել: