ԱՄՆ-ում բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խարդախության համար
Կլիֆոռնիացի բժիշկ Վիոլետա Մայիլյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա վճարման հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք չեն կատարվել, բժշկական ցուցումներ չեն ունեցել կամ կատարվել են բացառապես կոսմետիկ նպատակներով։
Ըստ ԱՄՆ ԶԼՄ-ների՝ սա այս պահի դրությամբ բոտոքսի ներարկումների հետ կապված խոշորագույն խարդախությունն է։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ 45-ամյա Մայիլյանը Գլենդեյլ քաղաքում գտնվող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ոլորտի ծառայություններ էր առաջարկում։
Հաղորդվում է նաև, որ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումների ծախսերը, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի բուժման համար և նշանակվել են համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Սակայն բժիշկը վճարման հաշիվներ է ներկայացրել հազարավոր միջամտությունների համար, որոնք իրականում չեն կատարվել։ Ավելին՝ նա հայտարարել է ավելի քան 19 մլն դոլարի ծառայությունների մատուցման մասին այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։ Այլ դեպքերում Մայիլյանը Կալիֆոռնիայում կատարված միջամտությունների համար հաշիվներ է ձևակերպել՝ գտնվելով հանգստի մեջ Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Լաս Վեգասում և այլ վայրերում։ Օ
Ըստ լրատվամիջոցների՝ երբ դաշնային քննիչները մոտեցել են սխեմայի բացահայտմանը, Մայիլյանը փորձել է թաքցնել խարդախությունը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերն ու պացիենտների ստորագրությունները։
Նշվում է նաև, որ այս տարվա մայիսին երդվյալ ատենակալների դատարանը Մայիլյանին մեղավոր է ճանաչել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախության 9 և առողջապահության ոլորտում հանցագործության քննությանը խոչընդոտելու 3 դրվագներով։ Բացի 15 տարվա ազատազրկումից՝ դատարանը կարգադրել է բռնագրավել ավելի քան 16 մլն դոլար արժողությամբ գույքը և պարտավորեցրել դատապարտյալին Medicare-ին վճարել մոտ 32,9 մլն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։



