Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ, ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, ՀՀ-ում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Իմ խոսքում կարևորել եմ «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը:
Փոխնախագահ Բարրը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակներում համագործակցության արդյունքները և վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը»,- գրել է նախարարը։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ և ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առևտրի էկոհամակարգում։
Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ և ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։