երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ախալքալաքի մանկապարտեզները փակ են. երեխաներին չեն կարող ապահովել սննդով

Ախալքալաքի մանկապարտեզները փակ են. երեխաներին չեն կարող ապահովել սննդով

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները դեռ չեն ընդունում երեխաներին, որովհետև մթերքի ձեռքբերման տենդերների հետ կապված խնդիրներ կան, նրանք չեն կարող երեխաներին սննդով ապահովել: Այնուամենայնիվ, Միավորումում նախատեսում են մանկապարտեզները բացել հունվարի 20-ին, տեղեկացնում է jnews.ge-ն:

Ճշգրիտ ամսաթիվը, թե երբ կբացվեն մանկապարտեզները, Միավորումում չեն ասում:

«Այսօր մենք չկարողացանք բացել մանկապարտեզները, քանի որ մթերք չկա, խնդիրը տենդերների մեջ էր, հաղթող ընկերության փաստաթղթերը ճիշտ չէին, ուստի նորից հայտարարեցինք մրցույթը: Մենք ուզում ենք մինչև 20-ը բացել: Գլխավորն այն է, որ հաց գնելու տենդերը կայանա, մենք ուզում ենք, որ թույլտվության դեպքում ուղղակի պայմանագիր կնքենք, որպեսզի հացը գնենք, մինչեւ տենդերը կկայանա», – ասում է Միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է մթերքների ձեռքբերման մի քանի տենդեր: Վերստին հայտարարվել է առավել անհրաժեշտ մթերքների՝ հաց, աղ, շաքարավազ, կակաո, թեյ, մակարոնեղեն, վերմիշել և կանաչեղեն գնելու տենդերը: Դրա համար մունիցիպալիտետը հատկացրել է 42 784 լարի: Մրցույթը հայտարարվել է հունվարի 13-ին, իսկ դիմումները ընդունելու վերջնաժամկետն ավարտվում է հունվարի 21-ին:

Առաջին անգամ այդ մթերքների գնման տենդերը հայտարարվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, բայց տենդերը շահած «Նեբա» ՍՊԸ-ն որակազրկվել էր:

Հայտարարվել է կաթնամթերքի գնման համար տենդեր՝ 142 836 լարիի չափով: Արդեն հայտնի է այն ընկերության անվանումը, որը մանկապարտեզներին կտրամադրի կաթնամթերք, դա «Միալե» ՍՊԸ -ն է, այն շահել է տենդերը 133 000 լարիով: Ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:

Բանջարեղենի ձեռքբերման համար մունիցիպալիտետը հատկացրել է 58 346 լարի: Անհատ ձեռնարկատեր Շալվա Գորգիձեն տենդերը շահել է 52 987 լարիով: Ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:

Կայացել է նաև հավկիթներ գնելու համար տենդերը: Մանկապարտեզների միավորումը ձեռք է բերելու 27 300 հատ ձու: Մրցույթը կրկին շահել է «Նեբա» ՍՊԸ-ն՝ 8097 լարիով:

Մսամթերքի և մսեղենի գնման տենդերը դեռևս չի հայտարարվել

  • Կիսվել: