Վլադիմիր Գասպարյանին ավելի ծանր մեղադրանք կառաջադրվի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ավելի ծանր մեղադրանք կառաջադրվի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է․ «2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար»:
Ավելի վաղ Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության չարաշահում։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ՝ 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /03.02.2007թ.-ից` ռազմական ոստիկանություն/ վարչության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:
Միաժամանակ ՔԿ-ն հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:
Նախաքննությունը շարունակվում է: