երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնցից 10-ը դարձել են հաղորդում. ՆԳ նախարար

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնցից 10-ը դարձել են հաղորդում. ՆԳ նախարար

Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնք ստուգվել են: Դրանցից 10-ն են այս պահին դարձել հաղորդում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հիշեցնելով, որ երեկ ՆԳՆ-ն պարբերաբար այդ մասով հաղորդագրություններ է տարածել:

«Ահազանգերը հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու մասով են:

Ընտրակաշառքի մի դրվագ ունենք, որը ենթակա է ստուգման, քանի որ քաղաքացու ահազանգ է, այլ ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք»,- ասաց նախարարը:

Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտրությունների օրը նաև ԶԼՄ-ների հաղորդագրություններն են մոնիտորինգի տակ եղել, և եթե վարչական կամ քրեական պատասխանատվության դրվագ լինի, նախարարը վստահեցրեց՝ դրանք դիտարկվելու են:

«Տեղի են ունեցել ահազանգեր թե՛ քաղաքացիներից, թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանական թևից, թե՛ ԶԼՄ-ներից, դիտորդները և վստահված անձինք ևս ունեցել են ահազանգեր: Տարբերություն չկա՝ ով է ներկայացնում ահազանգը, եթե կա դրվագ, դա պիտի անպայման ստուգվի»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

  • Կիսվել: