ԱԳ փոխնախարարը COP17-ում ընդգծել է բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի դերը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովի «Առաջնորդություն՝ բարդությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում կենսաբազմազանության պահպանման և վերականգնման նպատակների առաջմղման գործում միջազգային համագործակցության, բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է, որը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։
Վահան Կոստանյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու, պետությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների միջև գործընկերությունն ամրապնդելու գործում։
Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հաջողությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու, անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու և պետությունների ու մասնավոր հատվածի միջև երկարաժամկետ գործընկերություններ զարգացնելու կարողությամբ։



