չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Տան խուզարկությամբ ոչինչ չհայտանբերեցին, առգրավեցին Ավետիքի հեռախոսը. Չալաբյանի կինը՝ վարույթի մասին

Տան խուզարկությամբ ոչինչ չհայտանբերեցին, առգրավեցին Ավետիքի հեռախոսը. Չալաբյանի կինը՝ վարույթի մասին

Մեր տուն եկել են առավոտյան շատ շուտ, ժամը 7–անց էր, բոլորս քնած էինք. Եկել էին շատ մեծ խմբով, ունեին փաստաթղթեր, որ պետք է տունը խուզարկեն. Ամբողջ տունը խուզարկելուց հետո ասացին, որ ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն առգրավեցին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Երևանի առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Հիմնականում ինչ–որ փաստաթղթեր էին փնտրում։ Երբ ասացին, որ ոչ մի բան չեն գտել, հանեցին ձերբակալության թուղթը, և ասացին, որ եկել ենք ձեզ ձերբակալենք։ Այդ ամենը, փաստացի, տևել է մոտ 30 րոպե, ոչ ավելի։ Դրանից հետո Ավետիքին տարան»,–ասաց նա։

Անդրադառնալով այս գործողությունների պատճառներին, Չալաբյանի կինն ասաց. «Ես կարծում եմ, որ քանի որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվում ընտրությունների մասնակիցների կողմից և մեծ կասկածներ կան նաև դիտորդների կողմից, փորձում են բոլոր ակտիվ մասնակիցներին այդ պրոցեսի հնարավորին չափ լռեցնել, իզոլացնել, որպեսզի իրենց ուզած արդյունքին հասնեն։ Դա իմ անձնական կարծիքն է»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, նա պատասխանեց. «Կուզեի լավատես լինել, այդքանը լավատես չեմ, բայց կուզեի սխալվել։ Հույս ունեմ, որ կալանք չի լինելու որոշումը վերջնական»։

Ինչ վերաբերում է նրան, որ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում էր արել՝ նշելով, որ իր ներկայացրած հաղորդման հիման վրա են ձերբակալել Ավետիք Չալաբյանին, Անահիտ Ադամյանն ասաց. «Այդ անձնավորության մասին, ճիշտ ասած, չէի ուզի հիմա խոսել: Ինքը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, ինքը ՔՊ-ի վստահված անձն է և գործում է իրենց հետ համակարգված»։

  • Կիսվել: