Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, գրում է Հետքը:
Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը:
Հունան Պողոսյանը 2010թ.-ին է նշանակվել Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և 8 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, հրաժարականի դիմում ներկայացրեց: Մինչ այդ էլ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում:
Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ին: Այդ օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել՝ նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: