Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ նշելով, որ քաղաքական գործունեությունը պետք է տարբերակել քրեական հետապնդման ենթակա արարքներից։
ԱԺ նախագահն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով ընդդիմադիր գործիչներին ու առաջնորդներին կալանավորելու մասին հարցից։
«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Եկեք տարբերակենք՝ քաղբանտարկյալն այն անձն է, որը կալանավորվում է իր քաղաքական գործունեության կամ արտահայտած քաղաքական մտքերի համար»,- նշել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ ընտրակաշառք տալը, ահաբեկչական գործողություն պլանավորելը կամ Ազգային ժողովի դեմ հարձակում կազմակերպելը քաղաքական գործունեություն չեն։
«Ընտրակաշառք տալը քաղաքական գործունեություն չի։ Ընտրակաշառք տալը հանցանք է, և դրա մեղադրանքով կալանավորված անձը քաղբանտարկյալ չի»,- նշել է նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի ընտրություններում թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ Ռուբինյանը ցավակցել է՝ միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով դեպքը քաղաքական շահարկման առարկա դարձնելու մեջ։
Կալանքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ դրա կիրառումը դեռ չի նշանակում անձի մեղավորության հաստատում։
«Երբ անձը կալանավորվում է, դա դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է կամ մեղքն ապացուցված է։ Դա նշանակում է, որ կալանքը տրված է որպես խափանման միջոց, և հետո պետք է լինի դատավարություն»,- ասել է Ռուբինյանը։



