Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
Նախագիծը միտված է օրենսգրքի որոշակիացմանը եւ պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը: Կատարվել են նաեւ տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ապրիլի 14-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթին վերաբերող կարգավորումների տերմինաբանությանը, ինչպես նաեւ նախատեսել, որ վարչական մարմինը մեկամսյա ժամկետում վարչական ակտ կայացնելու իրավունք է ձեռք բերում ոչ թե նախաքննության եւ դատական մարմինների քրեական վարույթի համապատասխան գործողությունների իրականացման, այլ՝ դրանց մասին տեղեկանալու պահից:
Փոխնախարարի տեղեկացմամբ նաեւ առաջարկվում է օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով որպես զանցանք դիտարկել ոչ թե տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում տրանսպորտային միջոցները վարելը:
Նախատեսվում է որպես զանցանք դիտարկել ոչ թե առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդ սարքավորումները տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ սարքավորումները շարժման ընթացքում օգտագործելը:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասում «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով, որ ի թիվս առանց հաշվառման համարանիշի կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու՝ համարժեք պատասխանատվություն լինի նաեւ այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար, իսկ «կեղծված» բառը կհանվի, քանի որ «կեղծված» հաշվառման համարնիշով տրանսպորտային միջոց վարելն իր բնույթով առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Առաջարկվում է նաեւ խստացնել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու վերաբերյալ տույժը:
Հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն այս համատեքստում անդրադարձել է վարորդական իրավունքի քննության համար առկա հերթերին՝ առաջարկելով ներդնել որոշակի մեխանիզմներ, որոնք կթեթեւացնեն հերթերը: Փոխնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, սակայն դեռեւս հերթեր կան: Նախատեսվում են նաեւ օրեսդրական աշխատանքներ եւ այլ փոփոխություններ:
Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում եւ ապահովել կիրառվող իրավադրույթների իրավական որոշակիություն:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: