ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին է ներկայացվել ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած բարեփոխումներին, տեղեկացրել, որ ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ: Նա նշել է, նախորդ տարվանից արդեն իրականացվում է միկրոգնահատում՝ առանձին հարկատեսակներով, որը, հենվելով հարկային վարչարարության արդյունքների վրա, գնահատումներ է իրականացնում: Զեկուցողը նշել է, որ բարելավվել է նաև հարկային և մաքսային ռիսկերի համակարգը:
ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում իրականացվել են թվայնացման ոլորտի բարեփոխումներ, որոնցից են, մասնավորապես, հայտարարագրման համակարգի ներդրումը, տաքսի վարողների հարկերի վճարման համար համակարգի մշակումը և ներդրումը:
2024 թվականին ներդրվել է նաև ժամանակատարության գնահատման համակարգը, որը թույլ է տալիս մաքսային ծառայողների աշխատանքը վայրկյանների ճշգրտությամբ գնահատել:
Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների ստեղծման շինարարական աշխատանքներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանցից ամենամեծն Իրանի սահմանին է, որի աշխատանքների 35 տոկոսն արդեն կատարված է:
Հաշվետու տարում շարունակվել են հարկային ու մաքսային համակարգի նոր որակավորում ունեցեղ ծառայողներով համալրելու գործընթացն ու մաքսային ծառայողների որակավորման բարձրացման նպատակով անցկացվող դասընթացները, որոնց շրջանակներում իրականացվել է նաև նրանց բարեվարքության գնահատում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն: