Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է. նախարար
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանի պատկան մարմիններն անընդհատ կապի մեջ են այն տնտեսվարողների հետ, որոնք Վրաստանում խնդիրների են բախվում ալկոհոլային խմիչքների արտահանման պրոցեսում։
Պապոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Մենք այս պահին օնլայն ձևաչափ ունենք, որով կարողանում ենք հետևել թե քանի մեքենա է հիմա Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն են այս պահին Լարսում կանգնած, քանիսն են դրական ստացել, բայց դեռ Լարս չեն հասել, քանիսն են Գիզիի մաքսային անցակետում։ Մենք բոլոր տնտեսվարողների հետ անընդհատ կապի մեջ ենք, գիտենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, և փորձում ենք լուծել դրանք»,- ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ Վրաստանի գործընկերներից նամակ է ստացել, որ օրվա ընթացքում իրեն այդ հարցով կզանգեն, որովհետև հայկական կողմը գործընթացում էլի որոշակի դանդաղումներ է նկատում։
«Մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո 1-2 օր որոշակի արագություն կար, որը մեզ բավարարում էր, հիմա կա տեմպ, որը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, ինչն էլի խնդրահարույց է մեզ համար՝ չնայած, որ մենք մեր մասով պահպանել ենք բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել ենք վրացական իշխանությունների հետ։ Մենք ակնկալում ենք, որ մեր վրացի գործընկերները ևս իրենց մասով կպահեն պայմանավորվածությունները»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։