երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մակրոննն իր աջակցությունն է հայտնել Գրենլանդիայի ինքնիշխանությանը

Մակրոննն իր աջակցությունն է հայտնել Գրենլանդիայի ինքնիշխանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համերաշխություն են հայտնել Գրենլանդիայի ժողովրդին՝ ինքնիշխանությանը նրանց նվիրվածության հարցում: Այս մասին երկու երկրի ղեկավարները հայտարարել են կիրակի՝ հունիսի 15-ին, Դանիայի ինքնավար շրջանի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ։

«Նախևառաջ, ես կցանկանայի եվրոպական համերաշխության և Ֆրանսիայի աջակցության ուղերձը փոխանցել Դանիային, Գրենլանդիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Ֆրանսիայում և Եվրամիությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիան չի կարելի գնել կամ պարզապես բռնազավթել»,- Մակրոնի խոսքն է մեջբերում dpa-ն։

Նուուկ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է «արագացնել» Գրենլանդիայի հետ գործընկերությունը՝ օգտակար հանածոների, այդ թվում՝ «ռազմավարական» մետաղների արդյունահանման ոլորտում: Խոսքը 2023 թվականի համաձայնագրի մասին է, որն ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Բրյուսելի և Նուուկի միջև համագործակցություն տնտեսական, բնապահպանական, ինչպես նաև հումքի արդյունահանման և նորարարության ոլորտներում։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն էլ նշել է, որ Մակրոնի այցը Գրենլանդիա Եվրոպայի միասնության և յուրաքանչյուր երկրի ժողովրդավարությունը, ազատությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը պաշտպանելու վճռականության ցուցիչ է։ Նրա խոսքով՝ «Կոպենհագենը պատրաստ է համագործակցելու Միացյալ Նահանգների հետ՝ Արկտիկայում անվտանգությունն ապահովելու համար, սակայն այդ «համագործակցությունը պետք է լինի հարգանքի հիման վրա»։

  • Կիսվել: