Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ. աղբյուր
Գործարար,քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հայտնում է ArmLur.am–ը։
Կայքի տեղեկություններով` ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունների հայցադիմումը Նատալյա Ռոտենբերգը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հուլիսի 17–ին։
Նա իր հայցով պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պարտավորվի ձեռնպահ մնալ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող տնից իրեն վտարելուց։
Դատարանը գտել է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 3–ին։
Ավելի վաղ Ռոտենբերգն իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել է, որ ինքը բարի մարդ է և չէր կարող բռնություն կիրառել։ Նա նշել է` շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։ Հուլիսի 10–ին Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվել են:



