Մեզ հետևում են նաև այն անձինք, ովքեր դեռևս չեն համարձակվում բարձրաձայնել․ հոգատար լինենք մեր խոսույթում․ Արփինե Սարգսյան
Ընտանեկան բռնության դեպքերով քննությունն ամբողջ ծավալով իրականացնելու և բռնարարին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական խոչընդոտների վերացումը քննարկվող փաթեթի կարևոր ուղղություններից է։ Ազգային ժողովում ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս միտքն ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը կարևորել է հանրային մեղադրանքին վերաբերող փոփոխությունները, ինչպես նաև գործուն զղջալու և հաշտության հիմքով պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունների սահմանափակումը՝ շեշտելով, որ առաջարկվող կարգավորումները միտված են պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունները բացառելուն։ Արփինե Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքը՝ ընդգծելով վերականգնողական ծրագրերի դերը նրանց վարքագիծը փոխելու գործում։ Նախարարը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ կառավարության դիրքորոշումը սկզբունքորեն դրական է։
ՆԳ նախարարը խորհրդարանական գործընկերներին կոչ է արել թեմային վերաբերվել հոգածությամբ՝ հիշեցնելով, որ քննարկմանը հետևում են նաև բռնության ենթարկված անձինք։
«Վիճակագրական պատկերի հետևում իրականում կյանքեր են, առողջության հետ կապված խնդիրներ են, խեղումներ են և այսպես շարունակ։ Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք և հոգածությամբ վերաբերվենք այս բոլոր դեպքերին, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը և հատկապես նաև այն անձինք, որոնք դեռևս իրենց մեջ համարձակություն չունեն դիմելու իրավապահ համակարգին և բարձրաձայնելու իրենց հետ տեղի ունեցածը։ Ես հուսով եմ, որ Ազգային ժողովի բոլոր գործընկերները հենց այս հոգածությամբ կվերաբերվեն թեմային», – նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առկա խնդիրները վերաբերում են ինչպես իրավակիրառ պրակտիկային, այնպես էլ օրենսդրական դաշտին։ «Մեր՝ որպես կառավարության հանձնառությունն է հետևողականորեն դիտարկել ամբողջ շղթային վերաբերող հարցերը և հընթացս հանդես գալ փոփոխություններով», – ասել է ՆԳ նախարարը։



