հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
ՄԱԿ Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 35-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է «Պատժողական քրեակատարողական համակարգերից դեպի ռեաբիլիտացիա. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փորձը» խորագրով հարակից միջոցառումը, որը կազմակերպվել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի (UNODC) կողմից Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Ռուբինա Մխիթարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառություններին համահունչ վերջին տարիներին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացված բարեփոխումները՝ շեշտադրելով պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման գաղափարախոսության անցումը։
 
Ռուբինա Մխիթարյանը ներկայացրել է ինչպես քրեական արդարադատության ոլորտի նոր օրենսդրության առանցքային կողմերը, այնպես էլ գործնականում դրանց հիման վրա իրականացված քայլերը՝ անձի ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, վերասոցիալականացմանը նպաստող բազմաթիվ միջոցառումների ձեռնարկման և այլ ուղղություններով։
 
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի (UNODC) հետ առկա համագործակցությանը և դրա շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։
 
Պանելային քննարկմանը ելույթով են հանդես եկել նաև Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
 
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակության անդամները Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, Ներքին գործերի նախարարությունից և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

  • Կիսվել: