ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը

Ինչ է լինելու Բաքվում գտնվող հայերի ճակատագիրը, եթե Հայաստանը հետ կանչի իր հայցերը. Իրավապաշտպանի պարզաբանումը

Միջազգային դատական ատյաններում միջպետական հայցերի հետկանչումը չի կարող հետեւանք ունենալ անհատական գործերի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Միջպետական գործերի հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշումների վերանայմանը: Ճիշտ հակառակը՝ ինտենսիվանալու է աշխատանքը նոր անհատական կամ խմբային հայցեր ներկայացնելու ուղղությամբ: Սակայն հարց է առաջանում, իսկ ինչպիսին պետք է լինի այն անձանց ճակատագիրը, ում իրավունքների պաշտպանությունը իրականացվում է միջպետական գանգատի շրջանակներում»,- ասաց նա:

Սահակյանը տեղեկացրեց, որ Բաքվում գտնվող 23 հայերից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով։

«Բոլոր նախկին և ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով և միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի։ Խնդրի հանգուցալուծումները մնալու են ոչ իրավական տիրույթներում, որտեղ, կարծում եմ, Հայաստանը որևէ այդպես նշանակալի հաղթական պատմություններ չի կերտել»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ կարելի է փորձարկել այն մոտեցումը, որ տուժողների խումբը ներգրավվի և նշվի, որ այստեղ հրաժարում է կատարում մի սուբյեկտ, որի իրավունքները չեն խախտվել:

«Իսկ երրորդ անձինք, որոնց իրավունքները խախտվել են  և ցանկանում են հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը, խնդրեն դատարանին չընդունել հրաժարումը՝ արդարադատության շահը վեր դասելով կողմի դիրքորոշումից»,- ասաց նա:

  • Կիսվել: