Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը
ԱԺ լրատվական վարչությունից հայտնում են՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները:
Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ, որը 7 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ՀՆԱ-ն պահպանվել է նույն՝ 25,5 տոկոս մակարդակում, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 մլրդ դրամ, և 13,7 տոկոսով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից, կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ, կատարողականը՝ 82 տոկոս:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հաջորդիվ ներկայացրել են նախորդ տարի ոլորտներում իրականացված աշխատանքները՝ ըստ ուղղությունների:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության:
Հաշվետվությունը՝ այստեղ: