Եկել եմ քաղաքապետարանին հանձնեմ իրենց իսկ կոռուպցիան. Արթուր Չախոյան
Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ՝ քաղաքապետարանին հանձնեմ իրենց իսկ կոռուպցիան. Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Կոռուպցիան կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանը գումարներ է դուրս գրել իմ տան տանիքի համար, որը ես սեփական միջոցներով եմ վերանորոգել։ Եկել եմ՝ իրենց կոռուպցիան հանձնեմ իրենց»,- ասաց նա։
Չախոյանի խոսքով՝ սա եզակի դեպք չէ։ «Բոլորն էլ գիտեն, որ Երևանի բնակիչներին ստիպում են տանիքները նորոգել իրենց հաշվին, իսկ հետո այդ նորոգված տանիքների վրա շինանյութ են դուրս գրում ու գումարներ թալանում»,-ասաց նա։
Նա նաև ցուցակ ներկայացրեց, որը, ըստ իրեն, կազմել է քաղաքապետարանը, իբր թե Արթուր Չախոյանը հայտ է ներկայացրել շինանյութի՝ տանիքը վերանորոգելու համար։
«Սա կեղծ փաստաթուղթ է։ Իմ անունով շինանյութ են դուրս գրել։ Իրենց գողությունը վերցրել եմ շաբաթ օրը, բերել եմ՝ հանձնեմ իրենց, ցույց տամ հանրությանը, որ հետո չկարողանան մանիպուլացնել, չասեն՝ այսպես էր, այնպես էր։ Որպեսզի անհերքելի լինի, որ չասեն՝ մենք նրան ոչինչ չենք տրամադրել կամ վրիպակ է եղել»,- եզրափակեց ակտիվիստը։