երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ. հայց է ներկայացվել դատարան

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ. հայց է ներկայացվել դատարան

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամը:

Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը: Ընկերությունը 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ:

 

Ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները:

Դրանից հետո, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը չի ստուգել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հանգամանքը, դրանք համարել է կատարված, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 44 միլիոն 390 հազար դրամի գույքային վնաս:

ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյան, գրանցման հիմքում դնելով ոչ վերաբերելի որոշումներ, 2004 թվականի հունիսի 10-ին «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցել 1468,70 քմ մակերեսով առողջարանի շենքի և շինությունների նկատմամբ, իսկ դրանցով ծանրաբեռնված՝ 3,165 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Միևնույն ժամանակ, օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման և «Արարատցեմենտ» ընկերության հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

  • Կիսվել: