չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Աշխատանքային քննարկում՝ իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանությանն առնչվող նախագծի վերաբերյալ. մասնակցել է նաև ՀՀ օմբուդսմանը

Աշխատանքային քննարկում՝ իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանությանն առնչվող նախագծի վերաբերյալ. մասնակցել է նաև ՀՀ օմբուդսմանը

Նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները, խտրականությունից իրավական պաշտպանության հիմքերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի գործունեությունը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում Կառավարության հեղինակած «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծն էր՝ կից օրենսդրական փաթեթով։

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ոլորտային պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի խոսքով՝ քննարկման նպատակն օրենսդրական փաթեթի բազմակողմանի քննարկումն ու բարեփոխումն էր։

Ակնկալվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը հնարավորություն կտա երաշխավորել յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքն ու իրավունքների, ազատությունների և պարտականությունների իրականացման հավասար հնարավորությունները, ինչպես նաև կապահովի յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմին, իրականացնելու է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի դրույթների կիրառության մշտադիտարկում, հավասար վերաբերմունքի խթանում, խտրականության չենթարկվելու իրավունքի խախտումների կանխարգելում և խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանություն։

Քննարկման մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափում ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Եթե կան այլ առաջարկներ, որոնք նախագիծն ավելի որոշակի կդարձնեն, դեմ չենք։ Կարծում ենք, որ սա այն հնարավոր մոդելն է, որը պետք է Հայաստանում կիրառվի»,- ասել է արդարադատության փոխնախարարը և հավելել, որ ընդունվելուց հետո՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները կվերլուծվեն և համապատասխան գործողություններ կիրականացվեն։

«Իսկապես, խնդիրները շատ են։ Կարծում եմ, որ փաթեթը լրամշակելու, և այսօր հնչած բազմաթիվ խնդիրներն արտացոլելու անհրաժեշտություն կա։ Մենք կշարունակենք մեր աշխատանքային քննարկումները»,-ամփոփելով քննարկումը՝ ասել է հանձնաժողովի նախագահը։ Նա քննարկման մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողովին։

Ըստ փաթեթի՝ «Իրավահավասարության և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խտրականության համընդհանուր արգելքի միասնական օրենսդրություն սահմանելու և դրա գործնական կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններից։

 

  • Կիսվել: