չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Ղազարյանն օմբուդսմենին անհարմար հարց է ուղղել իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու մասին

Ղազարյանն օմբուդսմենին անհարմար հարց է ուղղել իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու մասին

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ իշխանությունները փաստացի թիրախավորել են Հայաստանի ամենամեծ կրոնական համայնքը՝ Հայ առաքելական եկեղեցու հոտը, իսկ պետական բարձրագույն մարմինների ներկայացուցիչները՝ վարչապետի և պատգամավորների մակարդակով, վիրավորել են հավատացյալների կրոնական զգացմունքները՝ նրանց դիմելով աշխարհիկ անունով։ Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ, նման հարցով արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Պաշտոնյաներին ուղղված խոսքում պատգամավորը մասնավորապես հիշեցրեց, որ անցյալ տարի բազմիցս դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով ԱԺ փոխնախագահից և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից։

Պատգամավորի խոսքով՝ նրանք մշտապես մերժել են իր հետ հանդիպել։ Ինչպես նշեց Ղազարյանը, իրեն՝ որպես քաղաքացու, մերժել են ընդունել՝ դրանով իսկ բացահայտ խտրական վերաբերմունք դրսևորելով իր նկատմամբ։

«Մինչդեռ երկրի գլխավոր իրավապաշտպան կառույցը որևէ կերպ չի արձագանքել դրան»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Ի պատասխան՝ Աննա Կարապետյանը հայտարարեց, որ խտրականության դեպքում անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին։ Մանասյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ ժամանակին Էդգար Ղազարյանն ինքն է թիրախավորել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ինչ վերաբերում է բողոքներին, նա նշեց, որ դիմումի առնչությամբ որևէ խախտում չի արձանագրվել։ «Խնդրում եմ հարցերին պատասխանել հստակ և կանոնակարգը խախտելով՝ մեզ անհետաքրքիր դասախոսություններ չկարդալ»,- դժգոհությամբ արձագանքեց Ղազարյանը։

Միևնույն ժամանակ, ի գիտություն ընդունելով արդարադատության փոխնախարարի հորդորը, Ղազարյանը հայտարարեց․

«Ես հիմա հրապարակայնորեն դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, և խնդրում եմ պաշտպանել իմ ու մեր եկեղեցու բոլոր հետևորդների իրավունքները՝ թույլ չտալով վիրավորել հոգևոր առաջնորդներին»։

Դիմելով Անահիտ Մանասյանին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ինքը հստակ հարց է տվել, մինչդեռ Պաշտպանը փորձում է խոսակցությունը տեղափոխել իր անձի վրա և իրեն քննադատության թիրախ դարձնել՝ չնայած այն հանգամանքին, որ կոնկրետ դիմումի առնչությամբ վարույթ այդպես էլ չի հարուցել։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ 24 պատգամավորի կողմից իր նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վարույթ էր նախաձեռնել։ Սակայն արդեն մեկ տարի է՝ նա քննության արդյունքների վերաբերյալ որևէ պատասխան չի ստանում։

  • Կիսվել: