չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Նախօրեին Ազգային ժողովը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ներկայացրել էր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը։

Ըստ դատախազի՝ քրեական գործը վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժմանը, որի շրջանակում Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Քրեական վարույթի շրջանակում նշվում է, որ 2024 թ. հուլիսից մինչև 2025 թ. մարտը կազմակերպված խումբը ձեռք է բերել պայթյունավտանգ միջոցներ, կազմավորել հարվածային խմբեր, հավաքագրել ավելի քան 2000 անձ, պատրաստել քարտեզներ, սարքեր և նյութեր՝ տրանսպորտային ու կենսական համակարգերը կաթվածահար անելու նպատակով։ Արթուր Սարգսյանը, ըստ գործի նյութերի, ընդգրկված է եղել այդ խմբի կազմում։

Վարույթի նյութերի համաձայն՝ հանցավոր մտադրության իրագործումը չի հաջողվել՝ ԱԱԾ-ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։ Արդյունքում՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ (իշխանության յուրացում) և 43-419-րդ (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածների հատկանիշներով։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։

 

  • Կիսվել: