երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են

Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են

Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։

  • Կիսվել: