3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը
Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը: Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաև գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվեց Մարտունի քաղաքում ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։ 34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։