Զավեշտ է, ՔՊ-ից չեք գտնի մարդ, ով Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու. Լիլիթ Մինասյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը բացառում է, որ ընդդիմության կողմից ենթադրյալ իմպիչմենտի գործընթացը հնարավոր կլինի կյանքի կոչել։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները որոշել են արևի տակ իրենց տեղը զբաղեցնելու, առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել, որովհետև այս գործընթացը ոչ մի արդյունք չի ունենալու։ Նախ, երեկվա ընթացքում մեկ ասում էին՝ կտանք ստորագրությունները, երբ փողոցային պայքար սկսվի չենք տա, եթե չսկսվի, հետո հրապարակվեցին ստորագրությունները։ Ես այդպես էլ չհասկացա՝ իրականում այդ ստորագրությունները տրվեցին թե չտրվեցին։ Համենայնդեպս, իրար մեղադրելու համար է այս գործընթացը սկսված և որպեսզի կարողանան հետագայում ինչ որ դիվիդենդ շահել, նաեւ յուրաքանչյուրն իր շուրջը ավելի հավատարիմ զանգված կոնսոլիդացնելու համար է սա։ Սա ընդհանրապես կապ չունի ՔՊ–ին իշխանությունից հեռացնելու հետ։
Քանի որ նրանք չունեն երկու անկախ պատգամավորների ստորագրություններ, ըստ այդմ այդ 28 + 6 ստորագրություններով, նրանք չեն կարող իմպիչմենթի գործընթաց սկսել, չի կարող նրանց ընտրած թեկնածուն գալ Ազգային ժողով։ Իմիջիայլոց, կուզեինք լսել նրա քաղաքական մտքերը և աշխարհաքաղաքական դատողությունները»,–ասաց նա։
Հարցին՝ չէին ուզենա լսե՞լ Էդմոն Մարուքյանին որպես վարչապետի թեկնածու, Լիլիթ Մինասյանն ասաց. «Էդմոն Մարուքյանը հայտնի է գոնե քաղաքական դաշտում, շատ հանրահայտ են իր աշխարհաքաղաքական դիրքորոշումները, իսկ այ կոնկրետ Մասիսի քաղաքապետը բացի համայնքային գործառույթներից ես չգիտեմ ինչ քաղաքական դիրքորոշում ունի շատ հարցերի շուրջ։
Այս պարագայում ես կարծում եմ, որ ընդհանրապես մտահոգվելու տեղ չունենք, որովհետև ես չեմ կարծում, որ ՔՊ–ից կգտնեք մարդ, որ Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու, դա ուղղակի զավեշտ է»։
ՔՊ–ական պատգամավորն ընդդիմության կոչ արեց զբաղվել ընտրությունների նախընտրական գործընթացներով, ստեղծել քաղաքական օրակարգ. «Դաշտում եղած ուժերից միակն ենք, որ քաղաքական օրակարգ ունի»։