երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Յուրաքանչյուր անձ, ով երբևէ կասկածի տակ կդնի իմ մասնագիտական գիտելիքը, թող գա դատարանում խոսի ինձ հետ. Աննա Վարդապետյան

Յուրաքանչյուր անձ, ով երբևէ կասկածի տակ կդնի իմ մասնագիտական գիտելիքը, թող գա դատարանում խոսի ինձ հետ. Աննա Վարդապետյան

«Պարոն Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում նրա մասին, որ որպես նախարար պարտավոր էր անել մի պարզ քայլ, պարտավոր էր գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով տեղեկացնել, որ Ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց: Դրա փոխարեն օգտագործելով օրենքում առկա բոլոր կարգավորումները, որն ինքն է նենգափոխված ներկայացնում հիմա, փորձում է ներկայացնել, որ ինքը՝ որպես նախարար, պարտավոր չէր իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել Կառավարությանը և ինձ ասում է՝ ներկայացրեք մի փաստաթուղթ, որի հիման վրա ես պարտավոր էի ասել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա կա ինքնակամ կառույց»,-  ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Վարդապետյանի խոսքով՝ օրենքն ասում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքի վրա չի կարող լինել ինքնակամ կառույց. «Մի պահ պատկերացնենք ինչ կլիներ, եթե Արծվիկ Մինասյանը՝ որպես նախարար, այս փաթեթը չներկայացներ Կառավարություն, գույքը կշարունակեր մնալ ապօրինի: Երբ պարոն Մինասյանը գեղեցիկ բառակապակցությամբ ասում է՝ ես նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինքն իրականում այլ բան պիտի ասի, պիտի ասի՝ ես օրինականացրել եմ ապօրինին: Երբ մենք ասում ենք՝ օրինականացնել ապօրինին, չի նշանակում միայն սեփականության իրավունք, նշանակում է տիրապետման և տնօրինման ցանկացած ձևաչափ: Եթե պարոն Մինասյանը 2016 թվականին չստորագրեր այդ փաստաթուղթն ու չուղարկեր Կառավարություն, երբևէ որևէ անձ չէր կարողանալու որևէ կերպ այդ գույքը տնօրինել: Երեք անգամ պարոն Մինասյանն ասում է՝ որևէ պահանջ չկա, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում պիտի իրականացվեր, բա որ չկա, ինչի հիման վրա եք որոշել, որ կոյուղին չի լցվում Սևանա լիճ, իրականում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական պիտի լիներ մի պարզ պատճառով, որ այս շենքը կանգնած էր: Յուրաքանչյուր անձ, ով երբևէ կասկածի տակ կդնի իմ մասնագիտական գիտելիքը, թող գա դատարանում խոսի ինձ հետ, ոչ թե քաղաքական ամբիոնի հետևից հայտարարություններ անի ու դահլիճից դուրս գա»:

  • Կիսվել: