երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը

Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը

Հայաստանն ընտրվել է ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի նախագահող երկիր 2027 թվականի համար՝ համաձայն գործող ընթացակարգի։ Որոշումն ընդունվել է 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Մինսկում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայացած խորհրդի 31-րդ նիստի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Քննարկվել է օրակարգում ընդգրկված 13 հարց։

Հայաստանի ներկայացուցիչ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, խորհրդի անդամ Սվետլանա Սահակյանը նիստին մասնակցել է առցանց ձևաչափով։ Նա ներկայացրել է Հայաստանում գրահրատարակչության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես անդրադառնալով Գրքի երևանյան միջազգային փառատոնին, Հայաստանում 2026-2027 թվականներին անցկացվող Ընթերցանության տարվա, ինչպես նաև Գիրք նվիրելու օրվա շրջանակում իրականացվող միջոցառումներին։

Նախատեսվում է նաև 2027 թվականի գարնանը Երևանում՝ առկա և հեռավար ձևաչափերի համադրությամբ, անցկացնել «Գրքի արվեստ» («Искусство книги») մրցանակաբաշխությունը։

Խորհրդի հերթական՝ 32-րդ նիստը կանցկացվի 2027 թվականի աշնանը Երևանում։

  • Կիսվել: