շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն» կուսակցության ղեկավարի Դողան Այդալին հանդես է եկել հայտարարությամբ՝ Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ Այդալին մի քանի հիմնական շեշտադրումներ է արել՝ ընդհանուր առմամբ պնդելով, որ այն ինչ ստորագրվել է երկու երկրների միջև, վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան տարածաշրջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։

«Թուրքիան այս նախագծից ֆինանսապես շահելու հավանականության հետ մեկտեղ կարող է շատ բան կորցնել։ Առևտրի բանալին անցնում է ԱՄՆ-ի ձեռքը»:

Բացի այդ վերջինս պնդում է, որ այս համաձայնագրով Հայաստանն էապես տնտեսական ազատություն կստանա, և նրա համար Դիլուջուի երկաթուղու միջոցով եվրոպական շուկաներին ներմուծման և արտահանման դարպաս կբացվի։

Այդալին չի բացառել նաև, որ Հայաստանի պաշտպանությանը միտված Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի գործողությունները չեն հանգեցնի հայ-թուրքական նոր հակամարտության։


«Այս համաձայնագրով ԱՄՆ-ն ոչ միայն ռազմաբազա է ստանում Կովկասում, այլ նաև տարածք։ Եթե ցանկանա, այս վայրից կարող է միջին հեռահարության հրթիռներով հարվածել Թեհրանին»,-պնդել է վերջինս՝ չնայած նրան, որ վաշինգտոնյան փաստաթղթերով չի նախատեսվում ամերիկյան ռազմաբազայի տեղակայում:

Նա չի բացառել նաև այն, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն Իրանի տարածքում բնակվող ազերի ազգաբնակչությանը, քրդերին և թալիշներին կհրահրի Իրանի դեմ:

Իսկ վերջում թուրք քաղաքական գործիչն ընդգծել է. «Ճիշտ է, այս նախագիծը ստորագրվել է, սակայն դա չի նշանակում, որ այն իրականություն կդառնա։ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ կդիմադրեն այս նախագծին»:

  • Կիսվել: