Սոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմ
Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Աֆրիկայի եղջյուրի ու Կարմիր ծովի շուրջ։ Սոմալիլենդի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Մոհամեդ Օսման Ֆադալը հայտնել է, որ իրենք ցանկանում են բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները և այդ քայլին են գնում, քանի որ իրենց անհանգստտացնում է Սոմալիում Թուրքիայի ռազմական ներկայությունը, գրում է ermenihaber.am-ը:
Նա նշել է, որ իրենք Սոմալիում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են սպառնալիք։ Ֆադալը պնդել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությունը Մոգադիշուի կառավարությանը, ինչպես նաև տարածաշրջանում «F-16» կործանիչների ու անօդաչու թռչող սարքերի առկայությունը սպառնալիք է Սոմալիլենդի համար։
Օսման Ֆադալը հայտնել է, որ իրենք Իսրայելից օդային պաշտպանության աջակցություն են խնդրել՝ հնարավոր հակամարտության դեպքում Թուրքիային հակազդելու համար։ Սոմալիլենդի արտգործնախարար Մոհամեդ Աբդիրահման Հասանը ևս հայտնել է, որ իրենք մտահոգված են Սոմալիի կառավարության կողմից Սոմալիլենդի դեմ ռազմական գործողություն սկսելու կապակցությամբ ու մտավախություն հայտնել, որ նման պարագայում Թուրքիան ուղղակիորեն կաջակցի Մոգադիշուի կառավարությանը:



