Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու, ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել. Հայկ Կոնջորյան
Բացարձակապես դատարկամիտ օրակարգ է, նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի. այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացին:
Նրա կարծիքով՝ դա ավելի շատ ընդդիմության ներսում իրար հետ հաշիվները մաքրելու և միմյանց քաղաքական ինչ-որ պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսել:
«Իրենք թող մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով՝ հետ: Որքան մոտենան ընտրություններն, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր՝ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ: Իրենք բոլորն ունեն նույն ինքնությունը, քաղաքական արմատն ունեն՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան: Մաֆիոզները ոնց են, իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների բաժանման համար»,- ասաց Կոնջորյանը:
Կոնջորյանը բացառեց, որ ՔՊ-ից որևէ պատգամավոր կմիանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: «Պարզ չէ՞ մեր դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը: