շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը․ Աբիսողոմոնյան

Երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը․ Աբիսողոմոնյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակներում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մեկնարկի միջոցառմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների լիարժեք և արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացներում՝ նշելով, որ երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը:

Նախարարի տեղակալն առանձնանշել է նաև միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների և հայկական ակադեմիական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ ֆորումն ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր գործընկերություններ և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց տեսլականն ու նախաձեռնությունները։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում ձևավորված կապերն ու համագործակցությունը կշարունակվեն նաև COP17-ից հետո՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ազգային և միջազգային գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանը։

 

  • Կիսվել: