Վերջին տարիներին Իսրայելն ու Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարևոր ներմուծողներ. ThePrint
Վերջին 10 տարիներին Հնդկաստանից պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանումն ավելացել է ավելի քան 30 անգամ: Դրա հետագա աճը խթանել են շարունակվող պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ինչպես նաեւ հակամարտությունն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, քանի որ մի քանի երկրներ դիտարկում են իրենց զինանոցի համալրման հնարավորությունը, գրում է ThePrint հնդկական կայքը։
Նշվում է, որ ներկայում Հնդկաստանի աճող պաշտպանական արդյունաբերությունն իրականացնում է մատակարարումներ աշխարհի ավելի քան 90 երկրներ, կառավարությունն ակտիվորեն խթանում է լիցենզավորման ավելի պարզ համակարգերը։
՛՛Թեեւ Մյանման է եղել հնդկական պաշտպանական արտահանման խոշոր ուղղությունը, այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսրայելը եւ Հայաստանը, նույնպես դարձել են կարեւոր գնորդներ վերջին տարիներին՛՛,-գրում է կայքը։
Ըստ կայքի՝ թեեւ Հնդկաստանը մի քանի խոշոր գործարքներ է կնքել Ֆիլիպինների հետ (BrahMos) եւ հրետանային զենքի եւ ՀՕՊ համակարգերի պայմանագիր Հայաստանի հետ, հնդկական պաշտպանական ապրանքների ամենախոշոր ներմուծողը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն է, որին բաժին է ընկնում հնդկական պաշտպանական արտահանման ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը։
՛՛Դեռ մի քանի տարի առաջ չէր կարելի պատկերացնել BrahMos հրթիռների վաճառք Ֆիլիպիններին եւ Հայաստանի հետ կնքված բազմաթիվ գործարքները։ Այլ երկրներ էլ կան, որոնք դիտարկում են նման համակարգերը։ Մենք կենտրոնացել ենք այդ գործարքների կնքման վրա՛՛,-ասված է կայքում:


