Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ՝ արձագանքի ենք սպասում․ Փաշինյան
Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել նաեւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ եւ արձագանքի ենք սպասում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նման փաստաթուղթ արձագանքի ձևավորումը պահանջում է որոշակի ժամանակ»,- նշել է նա:
Վարչապետը նշեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ.
«Նրանք են առաջարկ տվել, մենք ենք տվել և այդպես երեք անգամ, աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակենք: Ուզում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից, նաև փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում: Այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»:


