Վարչապետի գրառումն իրավապահ մարմինների գործողության անոնս չէ, այն մեկնաբանություն է նախկին միջադեպի վերաբերյալ. Արթուր Հովհաննիսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որն ընդգծում էր իրավապահների՝ ցանկացած տարածք մուտք գործելու իրավունքի մասին, չի ենթադրում նոր կամ սպասվող գործողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նշվում է, որ նախկինում եղել է դեպք, երբ իրավապահները փորձել են իրականացնել գործողություն Էջմիածնում, քանի որ մի քաղաքացի, որը պարտավոր էր ներկայանալ իրավապահ մարմիններին, ըստ էության թաքնվել էր եկեղեցու տարածքում։
«Ցավոք, եղել է դեպք, երբ անձը, որը պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, թաքնվել էր եկեղեցու տարածքում։ Գրառումն այն մասին է, որ որևէ տարածք, պաշտոն, անուն-ազգանուն կամ հանդերձանք չի կարող անձեռնմխելի դարձնել որևէ մեկին օրենքի առաջ»,- նշել են իշխանության ներկայացուցիչները։
Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող և չի եղել դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողություն անոնսի։
Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, պաշտոնից հեռացնելու հարցին, Հովհաննիսյանը շեշտեց, որ գործընթացը պետք է լինի հնարավորինս հարգալից, համերաշխ մթնոլորտում՝ եկեղեցու շահերին չվնասելու նպատակով։
Հիշեցնենք, որ վարչապետը նախկինում հրապարակային հայտարարել է եկեղեցական հարցերով խորհրդի ձևավորման անհրաժեշտության մասին, որը պետք է զբաղվի օրակարգային հարցերի մշակմամբ։