Վաղարշապատի ավագանու արտահերթ նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է (ուղիղ)
Այսօր՝ 2025թ. հունիսի 12-ին ժամը 17-ին, Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով:
Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ավելի վաղ հայտնել էր, որ «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
Սակայն մեր տեղեկություններով, ՔՊ խմբակցությունը բոյկոտելու է նիստը, ինչը նշանակում է, որ նիստը չի կայանա։ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15–ը ՔՊ–ից են, 10–ը՝ «Էջմիածին» դաշինքից եւ 2–ը՝ «Հայրենատեր» կուսակցությունից։
Նշենք, որ ՔՊ–ն հայտարարել է, որ իրենց թեկնածուն Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանն է։ Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ մտադիր են միավորել Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, և այդ դեպքում տարեվերջին տեղի կունենան նոր ստեղծված խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ։ Իսկ այդ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը։
Հիշեցնենք, այս տարվա մայիսի 21–ին համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը։