շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար. Էրդողան

Խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար. Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Թուրքիան դիտարկում է որպես կարևոր քայլ կայունության հասնելու ճանապարհին՝ Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նախագահը շեշտել է՝ ցանկանում է, որ գործընթացը շուտով վերջնականացվի։  
 
Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումն արժեքավոր կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար: Նա նշել է, որ Թուրքիան ևս աստիճանաբար և զգուշորեն անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով:
 
«Այլևս չենք ցանկանում Հարավային Կովկասում հակամարտություն տեսնել, մենք խաղաղություն և հանգստություն ենք ուզում։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրումն ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում»,- մանրամասնել է Թուրքիայի նախագահը։
 
Էրդողանն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», շեշտել Իրանի հնարավոր դերակատարումը:
 
«Դա ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլև նոր ինտեգրացիոն գիծ է, որը ձգվում է Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ։ Դրա բացումը կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի դրան»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը կարծիք է հայտնել, թե այդ քայլը տնտեսական օգուտներ կբերի և կմերձեցնի տարածաշրջանի երկրներին:

 

 

  • Կիսվել: